GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 

Պարսպի պատմությունից   Գանձասարի նկարներ   Արձանագրություններ   Կեղծված Գանձասար Դիրգորոշումներ  

 



Ներկայացվում է պատասխանատու և իրավասու
կառույցների դիրքորոշումները` Գանձասարի շրջապարսպի
երեսպաման խնդրում




ՀՀ Մշակույթի նախարարության պատասխանը ԼՂՀ կառավարությանն
առընթեր Զբոսաշրջության վարչության պետ պրն. Ս. Շահվերդյանի
2011 թվականի փետրվարի 12-ի N 11-21 գրության:

23.02.2011 թ.

 Գրված է.
 «Ծանոթանալով Ձեզ հետաքրքրող խնդրի էությանը, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը կտրականապես դեմ է Գանձասարի վանական համալիրի քարե պարիսպները մարմարով երեսպատելու, դրանով իսկ հուշարձանի նախնական և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարն աղավաղելու, միջնադարյան հայկական ճարտարապետությանը խորթ ու պատմամշակութային հուշարձանի վերականգնման սկզբունքներին անհարիր հակագիտական և մերժելի գաղափարին»:

 Ստորագրված է` Ա. Սամուելյան





ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատասխանը`
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին

01.03.2011 թ.

 «Գերաշնորհ Տեր,
 Ի պատասխան Ձեր 03. 01. 2011 թ. գրության` կապված Գանձասարի վանքի պարիսպների երեսպատման աշխատանքների հետ, հայտնում ենք, որ համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջների, պատմական հուշարձանի տեսքի փոփոխություն չի թույլատրվում : Հարցը քննության է առնվել նաեւ ՀՀ համապատասխան մասնագետների կողմից`անթույլատրելի համարելով պարիսպների երեսպատման եւ հուշարձանի նախնական, պատմականորեն ձեւավորված կերպարի փոփոխությունը»:

 Ստորագրված է` Ս. Շահվերդյան





Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության վարչության ստեղծած հանձնաժողովի`
Գանձասարի վանքում իրականացվող պարիսպների երեսպատման
աշխատանքների մասին

05.07.2011 թ.

 «Հանձնաժողովը` կազմով ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության աշխաատակազմի պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Ս. Սարգսյանի, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության աշխատակազմի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու օգտագործման բաժնի պետ Ա. Գրիգորյանի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնակատար Մ. Հակոբյանի, ստուգեց վերը նշված հուշարձանում իրականացվող պարիսպների երեսպատման աշխատանքները եւ արձանագրում է .
Հուշարձանում իրականացվող պարիսպների երեսպատման աշխատանքներն ապօրինի են եւ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության կողմից դեռեւս ս. թ. մարտի 01-ին Արցախի թեմին հղված թիվ 11-40 գրությամբ գտնվել էին աննպատակահարմար: Նկատի ունենալով, որ հոշարձանի նախնական տեսքի եւ պատմական կերպարի փոփոխություն համաձայն օրենսդրության չի թույլատրվում, հանձնաժողովը գտնում է, որ իրականացվող աշխատանքները անհրաժեշտ է դադարեցնել` վերականգնելով հուշարձանի /պարսպապատի/ նախնական տեսքը»:

 Ստորագրված է`

Հանձնաժողովի անդամներ`       Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
 Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
 Մ. ՀԱԿՈԲՅԱՆ






ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Գանձասարի վանքում իրականացվող պարիսպների երեսպատման
աշխատանքների դադարեցման մասին

05.07.2011 թ.

 «Ղեկավարվելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայի պահպանության եւ օգտագործման մասին ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» ենթակետով, 30-րդ եւ 33-րդ հոդվածներով եւ հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարարության 2011 թ. փետրվարի 23-ի եւ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետի 2011 թվականի հուլիսի 05-ի թիվ ԱԳՎ 67 հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունները,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ
 Դադարեցնել Գանձասարի վանքում իրականացվող պարիսպների երեսպատման աշխատանքները»:

 Ստորագրված է.
 Վարչության պետ`     Ս. Շահվերդյան





Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների
Հայկական Ասոցիացիա»-ի 2011 թ. հուլիսի 08-ի առաջարկությունը`
Գանձասարի համալիրի և շրջապարսպի երեսպատման վերաբերյալ

08.07.2011 թ.

 «Սկզբում համալիրին համարյա կից կառուցվեց օժանդակ «հակաշինություն», որը խաթարեց համալիրի ընդհանուր ծավալապատմական հորինվածքը, այնուհետև պարսպապատերը շատ ակտիվորեն ծածկվեցին անկապ կղմինդրյա ծածկերով և այսօր հերթը հասել է պարսպապատերին: Պաշտպանական հզոր կերպար և ֆունկցիա ունեցող պարիսպներն այսօր ինչ որ մեկի ճաշակին համապատասխան սալիկապատվում են տեղական բարակ սալերով /սա նույնիսկ երևակայելն անհնար է/: Էս ինչ է, Արցախում օգնության, բազմաթիվ հուշարձանների, անօթևան մարդկանց և հայտնի ու անհայտ բազմաթիվ խնդիրների մեջ այնքան փողի ավելցուկ կա, որ այն դարձել է հայտնի ասացվածքի «բոշի յուղը ... », իսկ հոգևոր դասի միտքն ու պետական-ազգային ուժը ուր են այս անսահման ամենաթողության /беспредел/-ի կողքին, թե մտածենք, որ նրանք նույնպես մասնակից են:
 Մենք լինելով այս բնագավառի մասնագիտական ՀԿ «Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Հայկական Ասոցիացիան», դիմում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսին, Արցախի թեմի առաջնորդին, Հայաստանի և Արցախի նախագահներին և պետական համապատասխան կառույցներին, ԶԼՄ-ներին և լայն հասարակությանը` ձեռնարկել կտրուկ միջոցներ` կանխելու Գանձասարի պարսպապատերը «դոլլարներով» երեսպատելու գործընթացը, վերցնել արդեն արվածը և այս երևույթը արմատախիլ անելու և ուրիշներին դաս տալու նպատակով պատժել մեղավորներին, այլապես տրամաբանական հաջորդ քայլը պարիսպներից ներս մտնելն ու հոգևոր կառույցները պղծելն է լինելու:
 Ազգային հարստության /երբեմն նաև համամարդկային/ հանդեպ կատարված հանցագործությունների ու ոտնձգությունների անպատժելիությունը, երբեմն դրանց ոչ ուղղակի խրախուսումը բերել է այդ արժեքների և հասարակության հակադիր բևեռացման, որի կործանարար ազդեցությունը տեսնելու կամ կանխազգալու համար գիտական կոչում անհրաժեշտ չէ: Այն որ հուշարձանները հայկական են դա իրենք են վկայում, բայց մեր վերաբերմունքը վերից վար մեր «հայ», երբեմն նաև «մարդ» լինելու հանգամանքը կասկածի տակ է դնում: Ցավոք սա ծայրահեղություն չէ, այլ իրականություն և սթափվել է պետք, ունեցածին տեր կանգնել է պետք, ուրիշներին մեղադրելուց առաջ հայելու մեջ սեփական դեմքը տեսնել է պետք:
 Ի դեպ պարիսպները կառուցվել են 13-րդ դարում, վանքի մյուս կառույցներին զուգահեռ, այն դարերի ընթացքում բազմիցս վերանորոգվել է: Այսօրվա պահպանված պարիսպը վերանորոգվել է 17-րդ դարում և մասնակի ամրակայվել 20-րդ դարի 80-ական թվականներին»:

 Ստորագրված է.
 "Ասոցիացիայի" նախագահ`     Գ. Սողոմոնյան





Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՀԽ Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության,
պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի
մասնագիտական հանձնախմբի

05.11.2011 թ.

  ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի (այսուհետ` Ազգային արժեքների ենթահանձնաժողով) մասնագիտական հանձնախումբը, 2011 թվ. հոկտեմբերի 5-ին Գանձասարում (ԼՂՀ, Մարտակերտի շրջան, գյուղ Վանք) կատարեց շրջապարսպի երեսպատմանն ողղված ուսումնասիրություններ:
 Հանձնախումբը տեղում պարզեց.
  * Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի 1980-ական թվականներին կառուցված լինելու բոլոր խոսակցություններն ու վկայությունները հորինված են և չեն համապատասխանում իրականությանը. կան ֆոտոարխիվային բազմաթիվ նյութեր, 13-20-րդ դարերի հայ և օտարազգի պատմիչների, ճարտարապետների ու մասնագետների վկայություններ:
  Գանձասարի կառուցման ժամանակից մինչև 1992 թվ. (Մուրադ Հասրաթյան, Բագրատ Ուլուբաբյան) պարիսպը վերանորոգվել է չորս անգամ: 1-ին` կառուցումից 310 տարի հետո, 1550 թվ., Սարգիս կթղ. Հասան-Ջալալյանի կողմից, 2-րդ` կառուցումից 541, վերանորոգումից 231 տարի հետո, 1781 թվ., մելիք Աբովի կողմից, 3-րդ` կառուցումից մոտ. 600, վերջին վերանորոգումից մոտ. 59 տարի հետո, 1850-ականներին, Բաղդասար մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի կողմից, 4-րդ` կառուցումից 667, վերջին վերանորոգումից 67 տարի հետո` 1907 թվ.:
  Իսկ մոտ. 1995-2010 թթ.-ի ընթացքում կատարված վերանորոգումները ներկայացվում են աղավաղված, ոչ հստակ ու անտրամաբանական տվյալներով` կայքէջէրում և հարցազրույցներում վերանորոգման ժամանակը հայտարարելով տարբեր տարեթվերով, նույնիսկ այդ 15 տարվա ժամանակաընթացքում կարծիք է արտահայտվում, որ վերանորոգվել է ո’չ մեկ անգամ: Այս մոտեցումները ցույց են տալիս, որ պարսպի ճակատագրին վտանգ է սպառնում և հետապնդում է կասկածելի նպատակներ:
  * 1989 թվ. մասնագետ ճարտարապետների կողմից կատարվել է Գանձասարի ամբողջական համալիրի մանրակրկիտ ուսումնասիրություններ և չափագրում, կազմվել է վերանորոգման նախագիծ: Սակայն, արցախյան պատերազմից հետո կատարված <<վերանորոգման>> աշխատանքները չեն համապատասխանում նախագծին: Համալիրում իրականացվել են գործողություններ և նոր կառույցներ, որոնք չեն համապատասխանում, նույնիսկ ժխտում են հայկական եկեղեցական ճարտարապետության գաղափարներն ու նորմերը, խաթարվել է համալիրի վեհությունն ու խորհուրդը, քանդել են պատմական գերեզմանները (որոշ մասը տեղափոխվել են այլ տեղ): Ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, քանդելով գերեզմանները, տեղում ճեմարանի անվան տակ կառուցվել է հյուրանոց դառնալու նպատակ հետապնդող շենք, որն առայժմ ստացել է <<ճամբարական>> անունը, որը անթույլատրելի է սրբավայրի համար և չի հարգվում Գանձասարի դարեր շարունակ որպես սրբավայր լինելու և պահպանվելու իմաստն ու գաղափարը, որին նվիրվել են Արցախի թագավորներն ու իշխանները, և որի մասին վկայում են պատմիչները:
  * Գանձասարի շրջապարսպի (հյուսիս-արևմտյան պատի մի մասը) երեսպատումը կատարվել է ապօրինի, մասնագիտացում չունեցող շինարարների կողմից` առանց մասնագետ ճարտարապետների վերահսկողության և առանց համապատասխան մարմինների կողմից թույլտվության:
  * Անտեսելով Արցախի թեմիառաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ուղղված ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պատասխանը (01 մարտի 2011թ. գր. թիվ 11-40), որով` <<Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին>> ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջով չի թույլատրվել Գանձասարի պարսպի երեսպատում և հուշարձանի նախնական, պատմականորեն ձևավորված կերպարի փոփոխություն, իրագործվել է պարսպի մի մասի ապօրինի երեսպատումը սրբատաշ քարե սալիկներով, որը չի համապատասխանում միջնադարյան ճարտարապետությանը և խաթարվել է համալիրի պատմական-մշակութային արժեքը, չի համապատասխանում (հակասում է) հուշարձանների վերականգնման և վերանորոգման միջազգային չափորոշիչներին:

  Հանրային խորհրդի կողմից ստեղծված մասնագիտական հանձնախումբը անհրաժեշտ է գտնում.
  Անհապաղ նախաձեռնել շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացումը` իրագործման ամբողջ աշխատանքների ընթացքն ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո` վերացնել համալիրում գոյություն ունեցող թերություններ, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել իր պատմականորեն անաղարտ տեսքը և խորհուրդը` որպես պատմական-ազգային արժեք:

  Հանձնախմբի անդամներ`

1. Գագիկ Սողոմոնյան - Ճարտարապետ
2. Աշոտ Մանուչարյան - Պատմական գիտությունների թեկնածու
3. Ժասմեն Ասրյան - Արվեստագետ, Ազգային արժեքների ենթահանձնաժողովի նախագահ






ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պատասխանը (ամբողջությամբ)
ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի 2012 թ. մարտի 30-ի գրության

06 հունիսի, 2012 թ.

  Հարգելի պարոն Մանուկյան
  Գանձասարի եկեղեցական համալիրի և սուրբ Վաճառ եկեղեցու վերանորոգման հարցերը քննարկող Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ձեր առաջարկությանն ի պատասխան, առաջարկում եմ կազմավորվելիք հանձնախմբի կազմում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հետևյալ ներկայացուցիչներին.
 
Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին`ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ
Աշոտ Գրիգորի Սարգսյանին`ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի
վարիչ
Գարի Զոհրաբի Ավանեսյանին`ԼՂՀ քաղաքաշինության նախարարության
քաղաքաշինական պետական տեսչության պետ
Սլավա Ազիզբեկի Սարգսյան`ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պատմամշակութային հուշարձանների
ուսումնասիրման և պահպանման բաժնի պետ
Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանին`Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու
քահանա (համաձայնությամբ)

Հարգանքներով`

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ           Ա. ՀԱՐՈՒԹՅՅՈՒՆՅԱՆ

(Ստորագրված է ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից)







ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ուղղված գրությունը` Գանձասարի եկեղեցական համալիրի և
Վաճառի եկեղեցու ոչ մասնագիտական վերանորոգման խնդրի վերաբերյալ

19.07.2012 թ.

 Գրված է.
  Հարցի կապակցությամբ ենթահանձնաժողովը 2011 թվականի նոյեմբերի 14-ին հրավիրել է նիստ, որին ներկա է գտնվել նաև ԼՂՀ կառավարության ներկայացուցիչը:
 Ներկայացված խնդրի կարգավորման նպատակով Հանրային Խորհրդի անունից դիմել եմ ԼՂՀ վարչապետին` ՀՀ և ԼՂՀ միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով և ստացել եմ դրական պատասխան:
  Խնդրում եմ քննարկել միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Ստորագրված է.
ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ`       Վազգեն Մանուկյան






ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պատասխանը
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին` միջկառավարական
ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ

03.08.2012 թ.

 Գրված է.
 «Հարգելի պարոն Մանուկյան
  Ի պատասխան Ձեր 2012 թվականի հուլիսի 19-ի Ե-120 գրության հայտնում ենք, որ Գանձասարի վանական համալիրի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումն արտահայտել է ԼՂՀ կառավարությանն ուղղված 2011 թ. փետրվարի 23-ի թիվ 03/14.1/632-11 գրությամբ:
  Ինչ վերաբերվում է գրությամբ նշված խնդիրների վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը, ապա Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ը դիտում է որպես ինքնիշխան պետություն: Այդ առումով ԼՂՀ օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասները վերացնելու գործընթացին ՀՀ պետական մարմինների մասնակցությունը առաջարկվող ձևաչափով գտնում ենք ոչ նպատակահարմար»:

  Ստորագրված է`       Դավիթ Սարգսյան






Ահազանգ. Վերսկսվել է Գանձասարի միջնադարյան եկեղեցու
պարսպի տխրահռչակ երեսպատումը

02 դեկտեմբերի, 2012 թ.

  PanARMENIAN.Net-ը հայտնում է, որ Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Գանձասարի միջնադարյան եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչը շտապել է ահազանգի հետքերով և արձանագրել երեսպատումը: Բնակիչներն ասել են, որ երեսպատումը վերսկսվել է մոտ մեկ շաբաթ առաջ:

PanARMENIAN.Net-ը տարածել է ՀՀ պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանի նամակը դեպքի առնչությամբ:

"Մի տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Գանձասարի երեսապատման խայտառակ պատմության առաջացրած բուռն կրքերի ալեկոծությունից հետո հրապարակեցի ճարտարապետիս և քաղաքացուս մտորումները փաստի վերաբերյալ: Այն ժամանակ միամտաբար կարծեցինք, թե պետությունը և ակտիվ մտավոր հասարակությունը համատեղ ջանքերով հաղթանակ են տարել տգիտության, անճաշակության և անօրինության դեմ: Բայց պարզվում է, որ ոչ:

Աշնան մառախլապատ ու ցուրտ օրերին նենգաբար և գողեգող վերսկսվել է ծաղրուծանակը Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ: Հավանաբար հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն:

Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին): Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները:

Նախորդ նամակում աշխատել եմ չանձնավորել տեղի ունեցածը: Բայց հիմա վերջնականապես պիտի ասեմ իմ կարծիքը, որ նման բարերարությունը թքած ունի թե պետության, թե հասարակության վրա: Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը` հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ես հույս ունեմ, որ Աստված մեզ կօգնի: Դրանց արած անորակ երեսապատումը երկար չի ապրի: Իսկ երբ այս գործի տերերը կհայտնվեն Աստծո դատաստանի առաջ իրենց արած «մեծ գործերի» համար, մեր զավակները կշտկեն, կվերականգնեն այլանդակվածը, իսկ բարերարների երբեք չեն էլ հիշի, որ իզուր նրանց մասին վատ բան չխոսեն: Տերը մեզ հետ: Ամեն":

Հիշեցնենք, որ միջնադարյան վանքի երեսպատումը անցյալ տարվա ամռանը սկսել էր ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը: Հասարակությունն ու մասնագետերը մեծ աղմուկ բարձրացրին երեսպատման դեմ, ինչից հետո Լևոն Հայրապետյանը դադարեցրեց շինարարությունը: Անցյալ ամռանը ճարտարապետները նաև համոզմունք հայտնեցին, որ պարսպի երեսպատված սալիկներն անպայման պետք է քանդել, սակայն սալիկները քանդվելու փոխարեն երեսպտումը, փաստորեն, վերսկսվել է:

Գանձասարի վանքը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և Արցախի ամենից շատ այցելվող հնավայրերից մեկը:






  Բաց նամակ ՀՀ և ԼՂՀ նախագահներին` հանուն Գանձասարի

  06 դեկտեմբերի, 2012 թ.

  Մեծարգո ՀՀ նախագահ պրն Ս. Սարգսյան
  Մեծարգո ԼՂՀ նախագա պրն Բ. Սահակյան


  Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011թ.մասնագիտական և հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին: Այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում և մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին:

Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ և մասնագիտորեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը` 2012թ.աշխատանքները ֆինանսավորող բարերարը, հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների և հոգևոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները/առանց որի չէր կարող լինել/, շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման-պճնման աշխատանքները:

Քանի որ երևույթը և գործող անձինք նույնն են, ինչ 2011թ., ուստի ՀՀ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան իր տեսակետը խնդրին արտահայտում է կից ներկայացվող 2011թ. ընդունած որոշմամբ, ավելացնելով հետևյալը. քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից /մեզ համար ՀՀ և Արցախի իշխանությունները համարժեք են/ հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու, այլև կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը, ընդ որում` այս անգամ Ի ՀԱՇԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ և ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ հուշարձանի, /ցավալիորեն հավանաբար որևե կերպ աջակցություն ստանալով նաև հոգևոր առաջնորդարանից/:

Վերոնշյալը համարելով նաև պետական-ազգային նշանակության հարց և այլ ճանապարհ չունենալով` Ասոցիացիան իր մասնագիտական և քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ և Արցախի նախագահներին` խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու, հետևաբար նաև բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության,/ նաև բարեգործության/ համար և ավելորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական հայկական և միջազգային շրջանակներում, հետևաբար զրկելով նաև հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից /նման կոպիտ միջամտությունները հակասում են և անթույլատրելի են հուշարձանների վերականգնման միջազգային ընդունված չափորոշիչներով/, իսկ այս փաստարկը հասկանալի պատճառներով հայ գենոֆոնդի համար, կարծում ենք, գերխնդիրներից մեկը պետք է լինի, վերջին հաշվով սա, լինելով վատ նախադեպ, կարող է դառնալ նաև բացասական վարակիչ երևույթ…

Կարծում ենք` մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ենք, ուստի բոլորս անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից և ունեցած կարողությունից, մեր կատարած քայլերով պատասխանատու ենք պետության գրված և չգրված օրենքների առաջ, հարգանք ու ակնածանք ունենալով ՍԵՓԱԿԱՆ ժողովրդի ստեղծած ազգային, առավել ևս համաշխարհային արժեքների հանդեպ:

Հուսով ենք Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն և այս խնդիրը կստանա ճիշտ լուծում, որի հետագա մասնագիտական ընթացքի համար անհրաժեշտության դեպքում ասոցիացիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով հանուն ԳԱՆՁԱՍԱՐԻ համալիրի, այլապես կատարված աշխատանքները ժամանակի քննությանը միևնույն է չեն դիմակայելու և վաղ թե ուշ քանդվելու են, ափսոս են և գումարները, և ժամանակը, այն դեպքում, երբ վանքի հիմնական կառույցները դրանց կարիքը խիստ զգում են:

Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Հարգանքներով`

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա
Նախագահ՝ Գ.Սողոմոնյան
Փոխնախագահ` Ս.Նալբանդյան
Քարտուղար` Հ. Սանամյան

2012թ., դեկտեմբեր 06





ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության
վարչության դիրքորոշումը, որ հրապարակվել է

14-ին դեկտեմբերի, 2012 թ.

  «Դեռեւս 2011 թվականին Գանձասարի վանքի արդի վիճակը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, որոնց եզրակացության համաձայն, վանական համալիրը, ներառյալ դրա բաղկացուցիչ մաս կազմող շրջապարիսպները, կարիք ունեն համալիր գիտավերկանանգնման աշխատանքների` համաձայն մշակված համապատասխան նախագծի: Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որեւե ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների եւ ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա:
Գանձասարի վանական համալիրի գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո»:

 ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանության բաժին






Արցախի զբոսաշրջության վարչության դիրքորոշումը

26-ին դեկտեմբերի, 2012 թ.

(«Հետքի» նյութերից)
 « …Ինչ վերաբերում է Գանձասարի վանական համալիրի պարիսպապատերի սալիկապատման վերաբերյալ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության դիրքորոշմանը, ապա այնհրապարակվե է դեռեւս սույն թվականի դեկտեմբերի 14-ին ու մնում է անփոփոխ": Ս. Շահվերդյան

  Հիշեցում. ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիրքորոշումը.

«Դեռեւս 2011 թվականին Գանձասարի վանքի արդի վիճակը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, որոնց եզրակացության համաձայն, վանական համալիրը, ներառյալ դրա բաղկացուցիչ մաս կազմող շրջապարիսպները, կարիք ունեն համալիր գիտավերկանանգնման աշխատանքների` համաձայն մշակված համապատասխան նախագծի: Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որեւե ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների եւ ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա:
Գանձասարի վանական համալիրի գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո:

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանության բաժին»:






 21 հունիսի, 2013 թ.

 Բաց նամակ

 ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 Ն.Ս.Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում: Հայաստանի և Արցախի համապատասխան իրավասու մարմիններում, մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեց սալիկապատումը:
  Սակայն, ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ և ԼՂՀ պետական ու հոգևոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին, նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը` սալիկապատման-ձևափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:
  Այդ դեպքում` բնականաբար, սալիկապատված պարիսպը արդեն կդիտվի ոչ թե 13-րդ (կամ ավելի վաղ) դարի պատմական հուշարձան` կառուցված Արցախի գահակալ Հասան Ջալալ Դոլայի (կամ նրա նախապապերի, որը հաստատվում է պատմա-գիտական հիմնավորումներով և ունի իր խորհուրդն ու պատմական նշանակությունը) կողմից, այլ 21-րդ դարի ցանկապատ` «կառուցված» Լևոն Հայրապետյանի կողմից: Իսկ դա արդեն, պատմության կեղծում է, որի ճշտությունը ստուգել ցանկացողը (անհատ, զբոսաշրջիկ, պատմաբան, ուսումնասիրող գիտնական, տեղական կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և այլք) չի կարողանա պարսպի պատերից հանել երեսպատած քարերը` տեսնելու կամ ուսումնասիրելու համար նրա տակ խնամքով թաքցրած հնադարյա պատը:
  Ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչու՞ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ...
  Այս հարցերին որևէ արդարացնող պատասխան լինել չի կարող, որքան էլ որ այն ունենա նույնիսկ արհեստական հորինվածքներին բնորոշ հարմարավետություն:
  Վերը նշված պետական այրերը, ղեկավարությունը և հոգևոր առաջնորդները` ովքեր նպաստել են, կամ չեն խոչնդոտել իրականացվող «բարեգործությանը», գիտե՞ն արդյոք, որ Գանձասարի վանքային համալիրը մեկ ամբողջական հուշարձան է իր պատմական պարսպի յուրաքանչյուր քարի իմաստով ու արժեքով, որ խոսքը վերաբերվում է համաշխարհային ճանաչում ունեցող պատմա-ճարտարապետական հուշարձանին, որի մասին`
 - Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական ճարտարապետության պրոֆեսոր Շ. Դիլը հայ ժողովրդի ճարտարապետական արվեստի գործերից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած ամենաուշագրավ երևույթ է համարել Գանձասարի վանքային համալիրը` նրան հատկացնելով երրորդ տեղը (1-ին` Աղթամարի եկեղեցի, 2-րդ` Էջմիածնի Հռիփսիմեի տաճար, 4-րդ`Հաղբատի վանքի համալիր, 5-րդ` Անիի մայր եկեղեցի):
 - Ռուս գիտնական Ա. Յակոբսոնը գրել է, որ Գանձասարը որպես կոթող, «հայ ճարտարապետության մարգարիտն է , հայկական ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը», մի ստեղծագործություն, որը պետք է համարել «13-րդ դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը»: «Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա» - գրում է Յակոբսոնը:

  Հստակորեն հայտարարում ենք, որ`
 - Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի 1980-ական թվականներին կառուցված լինելու բոլոր խոսակցություններն ու «վկայությունները» երեսպատումը ձեռնարկողների կողմից հորինված են և չեն համապատասխանում իրականությանը. կան ֆոտոարխիվային բազմաթիվ նյութեր, 13-20-րդ դարերի հայ և օտարազգի պատմիչների, ճարտարապետների ու մասնագետների վկայություններ: Ըստ այդ վկայությունների, շրջապարիսպն ունի ընդամենը երեք մուտք, իսկ նրա հյուսիսային ու հյուսիս-արևելյան պատը պատմության մեջ հայտնի ութ սենյակների ետնապատն է մինչև այժմ:
 - 1995-2010 թվականների ընթացքում շրջապարսպի կատարված վերանորոգումները ներկայացվում են աղավաղված, ոչ հստակ ու անտրամաբանական տվյալներով` կայքէջէրում և հարցազրույցներում վերանորոգման ժամանակը հայտարարելով տարբեր տարեթվերով: Անգամ կարծիք է արտահայտվում, որ այդ 15 տարվա ժամանակաընթացքում վերանորոգվել է մի քանի անգամ, որը նույնիսկ եթե ճիշտ լիներ, ապա դա խոսում է անգրագետ, անորակ, ոչ մասնագիտական վերանորոգման մասին, որն իրականացրել և իրականացնում են նույն անձերը: Իսկ այս մոտեցումները ցույց են տալիս, որ պարսպի ճակատագրին վտանգ է սպառնում և հետապնդում է կասկածելի նպատակներ:
 - 1989 թ. մասնագետ-ճարտարապետների կողմից կատարվել է Գանձասարի ամբողջական համալիրի մանրակրկիտ ուսումնասիրություններ և չափագրում, կազմվել է վերանորոգման նախագիծ: Սակայն, արցախյան պատերազմից հետո կատարված «վերանորոգման» աշխատանքները չեն համապատասխանում նախագծին:
  Համալիրում իրականացվել են գործողություններ և նոր կառույցներ, որոնք նույնիսկ ժխտում են հայկական եկեղեցական ճարտարապետության գաղափարներն ու նորմերը, որոնցով խաթարվել է համալիրի վեհությունն ու խորհուրդը:
 - Քանդելով գերեզմանները, տեղում ճեմարանի անվան տակ կառուցվել է կասկածելի նպատակ հետապնդող շենք, որն առայժմ ստացել է «ճամբարական» անունը, ինչը ևս անթույլատրելի է սրբավայրի համար: Նման երևույթներով ոչ միայն չի հարգվում, այլև ավելին` անարգվում է Գանձասարի դարեր շարունակ որպես սրբավայր լինելու և պահպանվելու իմաստն ու գաղափարը, որին նվիրվել են Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերը, նրանց ժառանգները, և որի մասին վկայում են պատմիչները:
  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ և ԼՂՀ օրենքների 30-րդ հոդվածի պահանջը չի թույլատրում Գանձասարի պարսպի երեսպատում կամ հուշարձանի նախնական, պատմականորեն կառուցված ու ձևավորված կերպարի որևէ փոփոխություն:
  Աշխարհում ոչ մի տեղ ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Եվ, անթույլատրելի է Գանձասարի պարսպի երեսպատումն ընդհանրապես, մանավանդ, որ երեսպատումով պատ չեն ամրացնում, ինչպես ներկայացնում են պատմական հուշարձանի մասնագիտական վերանորոգումից բացարձակապես անտեղյակները: Ընդհակառակ` երեսպատումով պատն ավելի է ծանրանում ու ավելի վնասվում:
  Սակայն, իրագործվել է պարսպի հյուսիս-արևմտյան պատի մի մասի երեսպատումը սրբատաշ քարե սալիկներով, որը չի համապատասխանում միջնադարյան հայկական ճարտարապետությանը, դրանով խաթարվել է համալիրի պատմա-մշակութային արժեքն ու նշանակությունը, խեղվել է հուշարձանի հնադարյա տեսքը: Այն հակասում է պատմականությանը, հուշարձանների վերականգնման և վերանորոգման միջազգային չափորոշիչներին` զրկելով հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից:
  Ստիպված ենք մեծարգո Նախագահներին և Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին ներկայացնելու պատմականորեն հաստատուն այն փաստը, որ ամբողջ ութ դարից (կամ 800 տարուց) ավելի կյանք ապրած Գանձասարի ամբողջական համալիրը անխաթար պահպանվել է բոլոր թշնամիներից (մոնղոլ-թաթարներ, թուրքմեններ, թուրքեր, պարսիկներ … ), ինչպես և` թուրքական Ադրբեջանի իշխանություններից:
  Վերը նշվածը համարելով պետական-ազգային նշանակության հիմնահարց, նրա լուծումը մեր պետության սահմաններում, ակնկալում ենք միայն Ձեր գործուն միջամտության պարագայում` այլ ելք չգտնելով:
  Յուրաքանչյուրս` որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր` համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգևոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ:
  Ինչպես ընդունված է աշխարհում, պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանվի այնպես, ինչպես իր տեսքով հասել է մեզ, իսկ մենք էլ` պարտքի գիտակցումով այն պետք է մեր սերունդներին հանձնենք իր պատմական տեսքով:
  Խնդրում ենք.
 1. Կարևորելով, որ պարսպի երեսպատման աշխատանքներն ու նրա ժամանակ առ ժամանակ դադարեցումը դիտվում են որպես փուլային տարբերակով երեսպատումն իրականացնելուն միտված ձև, անհապաղ միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը, սահմանելով վերահսկողություն և պատասխանատվություն` այն չշարունակելու համար:
 2. Ձեր գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրելու մասնագետ հնագետների, գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների ու մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո` վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել իր պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը` որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

  Սպասում ենք սույն գրության պատասխանին:
  Հարգանքով`