GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 

Պարսպի պատմությունից   Գանձասարի նկարներ   Արձանագրություններ   Կեղծված Գանձասար   Դիրքորոշումներ

 



ՄԱԿԱՐ ԵՊՍ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆՑ
«Աղուանից երկիր եվ դրացիք»
(Երևան, 1890 թ., էջ 253)


 Վանքս ունի մի քանի թաղակապ հին սենեակներ և շրջապարիսպ, որ ունի երեք դուռն` արևելյան, հարաւային և արեւմտեան կողմերից:




ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
«Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները»
(Երևան, 1980 թ., էջ 17: Երևան, 1985 թ., էջ 15)


 Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է:
 Գանձասարի քարաշեն պարիսպներից ներս, եկեղեցու հյուսիսային թևում կա ութ փոքր և երկու մեծ սենյակ: Մեկ ուրիշ, ավելի մեծ երկհարկանի շենք էլ տեղադրված է արևելյան մասում: Անցյալում այն ծառայել է որպես դպրոց, ապա վանատուն: Վանքի պարիսպների համակարգում հետաքրքիր հուշարձան է գլխավոր մուտքը` հարավային դարպասը, որը կերտված է սրբատաշ քարով, ճարտարապետական ինքնատիպ լուծումներով:




ԲԱԳՐԱՏ ՈւԼՈՒԲԱԲՅԱՆ
«Գանձասար»
(Երևան, 1981 թ., էջ 67-69)


 Գանձասարում օժանդակ շինությունները տեղադրված են շրջապարսպի հյուսիսային ու արևելյան երկարությամբ: Հյուսիսային պատին կից բնակելի սենյակներն են`ութ խուցեր: Սրանցից յուրաքանչյուրի ներքին չափերն են 2,9-2,5` ամենայն հավանականությամբ` նախատեսված միայն հոգևորականների համար: Պատերը կանգնած են սրբատաշ ու կիսամշակ քարերի զուգորդումով: Ծածկը թաղակապ է: Բակի վրա են բացվում դռները և լուսամուտները: Յուրաքանչյուր խուց, դռան հետ միասին, ունի մեկ մեծ լուսամուտ` անմիջապես դռան կողքին, և մեկ փոքր` դռան վերևում: Վերջինս ծառայել է նաև իբրև օդանցք: Խուցի ներսի հարդարանքի էական տարրերն են կամարակապ բուխարիկը և «պատրհան»-պահարանը:
 Խուցերից դեպի արևելք,նրանց կից կառուցված է վանքի սեղանատունը:
 Պարիսպը կառուցված է տեղական անմշակ որձաքարից:
 Վանքի հարևանությամբ կանգուն են եղել Խաչենի իշխանության հզոր բերդ-ամրոցները` Խոխանաբերդն ու Դարպասները, և վտանգի պահին իսկույն վրա են հասել նաև զինական ուժերը, որոնց առաջին պարտքն է եղել պաշտպանել իշխանական տոհմի տապանատունն ու հոգևոր խոշորագույն կենտրոն Գանձասարը:




ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ
«Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը»
(Երևան, 1992 թ., էջ 42-43)


 Գանձասարի սեղանատան ներսակողմը ջլատվում է զույգ թաղակիր կամարներով երեք հատվածի: Որմնասյուները մինչև հատակ չեն հասնում, այլ ընդհատվում են ներքևից կես մետր բարձր:
 Սեղանատան դեպի բակ նայող ճակատը ձգտել են հնարավորին չափ հարդարել` դռան շքամուտքն ունի գալարաձև կիսասյուներ, իսկ օժանդակ սենյակի լուսամուտի երկու կողմերում թռչուններ են քանդակված:
 Գանձասարի համալիրի հյուսիս-արևելյան անկյան թաղակապ շինությունը վանքի առաջնորդարանն է եղել: Այն կառուցված է կիսամշակ բազալտե քարերից և մուտք ունի ոչ միայն բակից, այլև դրսից:
 Գանձասարի պարիսպները կառուցված են որձաքարից և կիսամշակ բազալտից:
 Համալիրը երեք մուտք ունի` արևելքից, արևմուտքից և հարավից: Վերջինս եղել է կենտրոնական, հանդիսավոր մուտքը և ունի մաքուր տաշած քարերից կառուցած մեծ դարպաս, թաղով ծածկված:
 Դարպասից հարավ-արևելք, մոտ տասը մետր հեռու գտնվում է քառակուսի հատակագծով, ձագարաձև փոխանցումով գնդաձև ծածկով շենք, որը եղել է վանքի ուխտավորների կացարանը:
 Համալիրից հարավ ընկած է հին գերեզմանատունը, որտեղ թաղված են Խաչենի հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ, ուշ միջնադարում` մելիքները: