GANDZASAR.AM |
    Վանք գյուղը գտնվում է Խոխանաբերդի և Հավապտոկի հյուսիսային մասում՝ նրանցից բաժանվելով Խաչեն գետով։
    Հիմնական բնակավայրը համարվել է Վարդանաթաղը, որի մասին հիշատակություններ կան XIII դարից։ Վարդանաթաղ անվանումը պահպանվում է մինչև այժմ՝ Վրթնաթաղ։
    Բնակիչները IX-X դարերում վախադրվել են Գանձասարի վանքի մոտ գտնվող բնակավայրից։ Նախկինում գյուղը բաժանված էր երկու թաղի՝ ներքինը՝ Հունահող ե վերինը՝ Գոմակալ։ ժամանակի ընթացքում միացան և վանքի անունով կոչվեց Վանք։
    Վանք գյուղից Գանձասարի վանք տանող նեղ ու դժվարանց պատմական ճանապարհը վերջին անգամ վերակառուցել է Հասան-Ջալալյանների տան փեսա, ֆրանսիական դիմադրության շարժման անդամ Հովհաննես Արտեմի Ասրյանը։
    Գյուղում կան գործող և այժմ արդեն չգործող աղբյուրներ, որոնց ջրագծերը անցկացրել և հուշարձան աղբյուրները կառուցել է նույնպես Հովհաննես Ասրյանը (1920-1969 թթ.)։
    Վանք գյուղում պահպանվել են Հասան– Ջալալյան տոհմի ուղիղ ճյուղը շարունակող ժառանգների հայրական տունը, որը Արցախի ազատագրական պատերազմի (1991-1994 թվ.) ժամանակ, թշնամու ռմբակոծություններից մասամբ ավերվել է։ Դա Սարգիս բեկ և Շահխանում Հասան-Ջալալյանների տունն է, որ փոխանցվել է նրանց որդիներին՝ Իսաջան բեկին, Տիգրան բեկին և Արտաշ բեկին, ապա՝ Իսաջան բեկի որդի Սուրեն Հասան-Ջալալյանին։
    Վանքում ապրող Հասան Ջալալյան տոհմի տարեց ժառանգն է Իսաջան բեկ Հասան-Ջալալյանի թոռ Ռոմա (Վռամ) Լալայան– Հասան Ջալալյանը։
    Գյուղում պահպանվել են Աբրահամ բեկ, Վահան բեկ Հասան-Ջալալյանների տները։