Սկիզբ  



Ֆիգերեյդո. "Աղվեսն ու խաղողը" կամ "Եզոպոս"
Եզոպոս՝ Մ. Կարագյոզյան
Քլեա՝ Ժ. Ասրյան



Պսաֆաս. "Հիմարից հիմարը"
ՈՒրանիա՝ Ժ. Ասրյան
Մարիամգյուլի կերպարի կատարողական բարձրակետը մայրական անկեղծ զգացմունքների պոռթկումով, կերպարի խորապես հավաստի անձնավորումն է: Իսկ ներկայացման ավարտին, երբ հնչում է Արցախի օրհներգը, Մարիամգյուլ-Ասրյանի հոգին տակնուվրա է լինում` կերպարում հառնում է ազգային հպարտությունը, արտիստուհու աչքերից հոսում է կարոտի և հաղթանակի արցունքները:
Երբ Հ.Պարոնյանի անվան թատրոնը որոշեց բեմադրել Գ.Ֆիգերեյդոյի "Աղվեսն ու խաղողը" (կամ "Եզովպոս") հերոսական կատակերգությունը, Քլեայի ըստ ամենայնի դժվար դերը վստահվեց շնորհաշատ դերասանուհի Ժասմեն Ասրյանին:
Արտիստուհին Քլեային պատկերեց աստիճանական զարգացման մեջ, բացահայտելով նրա հոգու տառապանքները: Ժասմենը Քլեայի կերպարը մարմնավորեց հոգեբանական խոր վերլուծության ճանապարհով՝ նբորեն մշակելով հերոսուհու բնավորության բարդ անցումները:
Քլեան խռովահույզ և տանջալից սիրով սիրահարվում է Եզովպոսին` հելեն հպարտ գեղեցկուհին ծնկի է գալիս ամենաայլանդակ ստրուկի առջև: Հանուն Եզովպոսի, Քլեա-Ասրյանը պատրաստ է հրաժարվել Քսանթոսի հարստությունից և դիրքից:
Ժասմենը Քլեային մարմնավորում է դրամատիկ-հոգեբանական դրությունների նուրբ կատարմամբ: Քլեային արարելիս, արտիստուհու կատարողական ձիրքը փայլեց այնպիսի կողմերով, որ նախկին աշխատանքներում նկատելի չէին: Սա այն դեպքն է, երբ դերն ու դերասանուհին ներդաշնակ են:
Քլեան եղավ Ժասմեն Ասրյանի ստեղծագործական տարիների կուտակած փորձի գեղեցիկ հանրագումարը: Ասրյանի ստեղծագործական կենսագրությանը գումարվեց ոչ միայն բարձրարվեստ կատարում, այլև արձանագրվեց որպես կատարողական նոր մակարդակ:
Պարոնյանցիների "Աղվեսն ու խաղողը" ներկայացումն ունեցավ անսովոր շատ թատերախոսականներ` բոլորն էլ միաձայն դրվատանքի ջերմ խոսքեր գրեցին Ասրյանի Քլեայի կատարողական բարձր մակարդակի մասին:

Արտիստուհու այս դերակատարումը՝ գույների առատությամբ, կատարողական նրբագեղությամբ, խոսքի և պլաստիկայի հաճելի համադրությամբ, արվեստին բնորոշ ջերմությամբ, թատերական արվեստի մնայուն հաղթանակներից է:
... Երբ Ժասմեն Ասրյանին տեսնում եմ բեմում կամ կյանքում, հիշում եմ Անտոն Չեխովի հանրահայտ խոսքը. "Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի": Ժասմեն Ասրյանը գեղեցիկ է ամեն բանով. և՜ երևութապես, և՜ էությամբ, և՜ արվեստով:
Մաղթենք տաղանդավոր արտիստուհուն ստեղծագործական նորանոր փայլատակումներ:


Հայկազ Երանոսյան

Դեպի ակունքը լույսի

"Բարձրացրու քարը, և նրա տակ կերևա լույսը", - պատգամում է հինավուրց գաղտնիքների պահապան Արևի տաճարի քուրմը: Ժասմեն Ասրյանը իր կերպարների հոգուց մի կողմ է ձգում Գաղտնիքի շղարշը, և բեմը ողողվում է լույսով: Ու թվում է նաև, թե նրա` բեմում լինելու ողջ ընթացքում առավելագույնս նվազում է լուսարձակների կարիքը, քանզի նա ինքը լուսակիր է, և լույսը ամենուրեք ուղեկից է իրեն: Լույսը Ժասմենի վեցերորդ հատկանիշն է, այս առումով` ամենակարևոր ու անմեկին զգայարանը, և դերասանուհին, իր ամեն մի դերում, կարծես, Լույսի քրմուհի է կերպարավորում...
Ժասմեն Ասրյանը մնացել է իր լեռների դուստրը, արցախյան տոհմիկ արյան ազնիվ ժառանգորդը: Ղարաբաղյան շարժումը նրան առ ժամանակ վար բերեց իր սեփական լույսերով ողողված բեմից և բարձրացրեց մեկ այլ` քաղաքական բեմ: Եվ ուժերի ներածին չափով կարողացավ ունեցած հնարավորություններն օգտագործել Ղարաբաղին տարբեր տեսակի օգնություններ ցույց տալու համար ...
... Իմաստուն գուշակի խոսք է` "Բարձրացրու քարը, և նրա տակ կերևա լույսը": Մի փոքր ճեղք բացենք Ժասմեն Ասրյանի կյանքի վարագույրի վրա, և նրանից կբխի, կհորդա լուսավոր տարածքներ ու խորքեր պարուրող լույսը:


Ռոմիկ Սարդարյան



Ֆիգերեյդո. "Աղվեսն ու խաղողը" կամ "Եզոպոս"
Քլեա՝ Ժ. Ասրյան
Եզոպոս՝ Զ. Աբրահամյան

Անանյան. "Տեր, մի թող մեզ անտեր"
Լալա՝ Ժ. Ասրյան


Սկիզբ