Մշակույթը ազգի դեմքն է. կնճռոտվեց, ազգը կորցնում է իր արժեքը



Մոլիեր. "Ակամա բժիշկը"
Բժիշկ՝ Ռ. Հարույթունյան
Լյուսինդա՝ Ժ. Ասրյան



Ժ. Ասրյանը և Ք. Մանարյանը
"Հողը և ոսկին" ֆիլմում



Պսաֆաս. "Պահանջվում է ստախոս"
Թոդորոս՝ Կ. Խաչվանքյան
Նիցա-Կիցա՝ Ժ. Ասրյան
   Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ժասմեն Ասրյանը Ֆրանսիական Դիմադրության շարժման անդամ, Ֆրանսիայի պարտիզան Հովհաննես Ասրյանի և Հասան Ջալալյան իշխանական տոհմի ժառանգ Ծաղկուհու դուստրն է, Սաթենիկ Հասան Ջալալյանի թոռնուհին: Ժասմեն Ասրյանին դեպի թատրոն կողմնորոշել են արվեստասեր ծնողները:
Ապագա դերասանուհին մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` արժանահիշատակ պրոֆեսոր Սարգիս Քոչարյանի դասարանում:
Ինստիտուտն ավարտելուց հետո, դերասանուհին հրավիրվում է Հայաստանի նորաստեղծ Պետական Հեռուստատեսային թատրոն, որտեղ հանդես եկավ բազմաթիվ դերերով, խաղընկեր լինելով Գեղամ Հարությունյանին, Վերջալույս Միրիջանյանին, Արշավիր Ղազարյանին, Գուժ Մանուկյանին: Իսկ Պարոնյանի անվան թատրոնում, ուր աշխատում և ստեղծագործում է մինչև օրս, խաղընկեր էր երաժշտական կոմեդիայի ժանրի մեծ երախտավորներ Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին, Իզաբելլա Դանզասին, Մելինե Համամջյանին, Մայիս Կարագյոզյանին, Ստեփան Հարությունյանին, Սեդա Մարյանին, Իդա Մկրտչյանին, Ալեքսանդր Հովհաննիսյանին:
Բեմական հմայք. սա մի թանկագին հատկություն է, որով օժտված են ընտրյալ դերասանները, այն հատկապես պետք է հերոսուհիներ և հերոսներ մարմնավորող արտիստներին:

Բեմական հմայք ունեցողը կարող է գերել, խելքամաղ անել հանդիսատեսին: Դա անբացատրելի, անհասկանալի երևույթ է, այն դժվար է մեկնաբանել...
Իսկ Ժասմեն Ասրյանը ունի աստվածատուր արտաքին, բեմական թանկագին հմայք, ախորժալուր, գեղեցիկ ձայն և ներքին ջերմություն: Բնությունը Ժասմենին արարել է հմայիչ, իսկ գեղեցկությունն ու բեմական հմայքը թատերական արվեստում ոսկի դրամի արժեք ունեն: Տաղանդն ու բեմական հմայքը գրեթե հավասարազոր են` մեկն առանց մյուսի կատարյալ չեն լինում:
Ազգային և թարգմանական խաղացանկերում անձնավորեց մի շարք մեծ ու փոքր դերեր: Արտիստուհու յուրաքանչյուր դերակատարում ունի իր տարբերակիչ գույները, մատուցման իր կերպը, մարմնավորման իր տեսանկյունը:
Արցախի ազատագրմանը նվիրված հայրենասեր արտիստուհին, տոհմիկ գերդաստանի արյան կանչով, Երևանում հիմնադրեց "Հայրենիք", հասարակական-քաղաքական կազմա-կերպությունը և ղեկավարեց այն: "Հայրենիք"-ի գերխնդիրն է` սատար կանգնել Արցախին, ամբողջ հայության միասնության վեհ գործին, ազգի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացմանը: "Հայրենիք" միությունը բազմապիսի օգնություն է առաքել Արցախ, օգնում էր վիրավորներին, փախստականներին, զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:
Ժասմեն Ասրյանը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ամենազարգացած և կարդացած դերասաններից է. ուսումնասիրում է Արցախի պատմությունը, գրում է բանաստեղծություններ, մանրապատումներ, աֆորիզմներ, հրապարակախոսական հոդվածներ: Նրա խոսքերով, մշակույթը ազգի դեմքն է՝ հոգու գենետիկ դրոշմով, քաղաքականությունը՝ նրա պատիվն ու կյանքը:

Հաջորդ էջը