Հավասարությունն ու արդարությունը որպես հասարակական բարոյական կատեգորիաներ, հիմնարար տեղ գրավեցին նրա ստեղծած կարգ ու կանոնի մեջ, որով անօրեն վարքով ապրողներն անգամ, լինի հոգևոր դասի ներկայացուցիչ, իշխանավոր թե հասարակ գյուղացի, հավասարապես պատասխանատու էին օրենքի առջև: Ահա այդ սկզբունքով էր ղեկավարում Վաչագան թագավորը, համաձայն իր "Սահմանադրական կանոնականի", որն ընդունվեց Vդ. վերջում և VI դ. սկզբին, Աղվենի ժողովում և մինչև այսօր պահպանվող հայերեն հնագույն օրենքների ժողովածուն է: Ուշադրության է արժանի, որ աստվածապաշտ ու ժողովրդասեր թագավորն օրենքների ստեղծմանը մասնակից էր դարձրել ոչ միայն աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ու բարձրախավ ազնվականների, այլև շինականների: Համաժողովրդական այդ երևույթը բեկում առաջացրեց նորաստեղծ թագավորության հասարակական-քաղաքական կյանքում: Իսկ քրիստոնեական հավատքի վերելքով խանդավառված էր ժողովուրդը: Բոլորն իրենց վիճակից գոհ էին, համերաշխ, պաշտում էին թագավորին ու միասին, խաղաղաբար լծվել էին աշխարհաշինությանը:
    Եվ այսքանից հետո գալիս ես եզրահանգման. ուրեմն, Vդ. Հայոց Առանքում գոյություն ուներ քաղաքացիական հասարակություն, որը պայմանավորված էր օրենքի գերակայությամբ, էթնիկական համերաշխությամբ, որով և Վաչագան Բարեպաշտի թագավորությունում ձևավորվեց էթնիկական հավաքականությանը պատկանելու գիտակցում: Ցնցող է այդ ժամանակի համար այն երևույթը, երբ երկրի միապետը զբաղված էր բոլոր խավերի նկատմամբ հոգատարությամբ: Նույնիսկ իշխանավորների ու հոգևորականների նկատմամբ անվստահությունը ստիպեց սահմանադրությամբ իրավունք չտալ նրանց ծանր պատիժների վճիռներ կայացնելու: Եվ,
- Ը կանոնով ծանրագույն պատիժների վճիռներ կայացնում էր միայն թագավորը:
- Դ կանոնի համաձայն, շինականից հարկը գանձվում էր ըստ կարողության և չունեցողը չէր վճարում:
    Մովսես Կաղանկատվացի պատմիչը պատմում է գեղեցիկը. ”Ժողովուրդն ու թագավորը դանդաղաքայլ գնում են, նման խաղաղացեալ ծովու” 6:
    Բարեպաշտության ու խաղաղասիրության նոր որակ է ներկայացնում Վաչագան Բարեպաշտի ուղիղ ճյուղը շարունակող ժառանգը` XIIIդ.-ի Առանք երկրի մի մասի` Արցախի “թագավոր”, “ինքնակալ արքա” ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼ ԴՈԼԱՆ, որն իր անվանումը ստացել է արաբներից, բարձր մարդկային հատկանիշներ խորհրդանշելով. ՀԱՍԱՆ - գեղեցիկ, ՋԱԼԱԼ - փառք, վեհություն, մեծություն, ԴՈԼԱ - հարստություն, պետություն, իշխանություն:
    Մեծ մարդասեր ու աստվածապաշտ, հայրենիքի նվիրյալ Հասան Ջալալը կատարեց մոնղոլների պահանջը և իր ժողովրդին կոտորածից փրկելու համար զոհեց իր Ռուզուքան դստերը, նրան կնության տալով զորապետ Չարմաղանի որդի Բորա Նոյինին: Նա խոհեմաբար բարեկամության ու խաղաղության դաշինք հաստատելով թշնամու հետ, հայրենի երկիրը պահեց իր ձեռքում:
    Վաչագան Բարեպաշտի այս ժառանգը նույնպես կատարեց անուրանալի և ցնցող արարք. ժողովրդի վրա ծանրացած օտար ասպատակիչների ծախսերը և անվճարունակ աղքատի հարկը վճարում էր ինքը` նրանց փրկելով սարսափելի պատիժներից:
    Հասան Ջալալի խաղաղասիրական ու խոհեմ դիվանագիտական հոգածության ոլորտում էին նաև Արևելյան Հայաստանի մյուս երկրամասերը, ինչպես նաև Հայկական Կիլիկիան: Նա հոգատար էր Վրաստանի նկատմամբ, որի արքայատան հետ ուներ ազգակցական-բարեկամական կապեր: Ձեռնամուխ լինելով մոնղոլական լծից Վրաստանի ազատագրմանը և գլխավորելով Հայոց ուժերին, Հասան Ջալալը, 1260թ. Դավիթ թագավորի (Լաշայի որդին) հետ կազմակերպեց ապստամբական շարժում: Ապստամբությունը բացահայտվեց, և Դավիթ թագավորը Տփխիսից ( Թիֆլիս ) փախավ Ափխազիա: Իսկ Հասան Ջալալը կալանավորվելով Բաթու խանի կուսակալ ու հարկահան Արղունի կողմից, իր հավատքին չդավաճանելու համար հոդակտոր արվեց Ղազվինում, 1261թվականին:
    Պատմական նկարագրությունների մեջ հենց առաջին նախադասություններից է` “Խաղաղասեր իշխան էր Դիզակի տեր ԵՍԱՅԻ ԱՊՈՒ ՄՈՒՍԵՆ (VIII-IXդդ.): Սակայն իրեն պարտադրված պատերազմներից միշտ էլ դուրս է եկել հաղթանակով” 7:
    Գուցե կարելի է բավականանալ այսքանով, եթե չլիներ արաբ բռնակալ Բուղայի հպատակվելու առաջարկությանը տված մեծ նշանակության արժանապատիվ հայի պատասխանը, որն ունի ազգային քաղաքական-մշակութային արժեք: Այդ պատասխանով կարծես ներկայացվում է Հայկի ժառանգների քաղաքակրթության գերակայությունը Հայկական լեռնաշխարհում ու նրա նշանակությունը աշխարհաքաղաքական զարգացումներում, հայ տիրակալների կողմից տարբեր երկրներում կառուցողական մշակութային-շինարարական գործունեությունը և ազգային առաքինությունները` որպես չափանիշ, իր հողում խաղաղ ապրող մարդու ըմբոստությունն ու անհանդուրժողականությունը նվաճողի դեմ: Այդ պատասխանը կարծես թե կոչ է ցանկացած հայի ոգին բարձրացնելու և արժանապատիվ ապրելու համար, կոչ` նվաճող ազգերին սաստելու համար.
    “Աշխարհակալների համար օրենք է արքայական հոգածությամբ գնալ երկիրը, իբրև հնազանդների մոտ, վերացնել տառապյալների նեղությունները, թեթևացնել վիճակը իբրև խնամարկուներ, և ոչ թե ավազակաբար վարվել, սրածելով ու գերեվարությամբ ավերակ դարձնել երկիրը: Արդ, թող հայտնի լինի, որ ինչքան բավականանա իմ զորությունը և քանի դեռ կենդանի եմ, կընդդիմակայեմ տեր Աստծո ուժով և զորությամբ: Ել այստեղից և գնա իմ երկրի սահմաններից: Եթե հեռանաս ինձնից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ` պատերազմ, կռիվ ու ճակատամարտ: Դու կդառնաս ոսոխ, քոնը պատերազմ կլինի և մերը` հաղթություն” 8:
    Հեռացիր խաղաղությամբ - ժամանակի հերոսի խոսքերի ազդեցության տակ, բարբարոսը մեղմանում է և ընտրում այն ճանապարհը, որով հաղթում են հերոսին` խանդավանքը. խաղաղության բանակցություններ վարելու պատրվակով, Բաղդադի խալիֆի կողմից Եսայի Աբու Մուսեն ու բազմաթիվ հայ իշխաններ հրավիրվում են, ձերբակալվում և ուղղարկվում տաժանակրության:
    ԳՐԻԳՈՐ ՀԱՄԱՄ (ՀԱՄԱՄ ԲԱՐԵՊԱՇՏ) թագավոր, որը վերականգնեց Առանի կամ Աղուանքի թագավորությունը նաև Կուրի մյուս ափում, Կամբեճան գավառում: Կառուցել է Հավքախաղաց բերդը: 893թ. բարձր վճարներով արաբ ասպատակիչներից ազատել է երկաթե կապանքներով գերված Հայոց կաթողիկոս Գևորգ Բ. Գառնեցուն և Պարտավից բերելով, մեծարանքներով ճանապարհել Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
    ՍԱՀԱԿ ՍԵՎԱԴԱ, որը մատենագիտական աղբյուրներում ներկայացված է որպես իմաստուն, քաջ ու բարեպաշտ իշխան, գրականության և ուսման հովանավոր: Նա Գարդմանքի, Քոսա և Փառնես գավառների տերն էր, զբաղվում էր լուսավորչությամբ, նոր սերնդի հայեցի դաստիարակությամբ:
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՆԵՔԵՐԻՄԸ Փառիսոսում ստեղծեց թագավորություն, որ ճանաչվեց պարսից արքունիքի ու Բյուզանդիայի կայսեր կողմից` նրան ուղարկելով “թագ և արքայական ծիրանի”: Թագավորությունը դառնում էր ուժեղ վարչական կազմավորում և նրա նպատակն էր դառնալ Հայոց պետության համար ամուր պատվար օտար հարձակումների դեմ, մանավանդ, որ Գանձակում հզորանում էր Փադլունի մահմեդական ամիրայությունը: Սակայն Անիի Գագիկ Բագրատունի թագավորն ու Փադլունը պայմանավորվում են Փառիսոսի Հայկական թագավորությունը կիսել իրենց միջև, և հայ իշխան Վասակ Պահլավի որդի Գրիգոր Մագիստրոսի օգնությամբ սպանում են Սենեքերիմ թագավորին` վերջ դնելու համար հայկական Փառիսոսի թագավորությանը: