Ժասմեն Ասրյան

ԽԱՂԱՂԱՍԵՐ ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԸ
ՀԱՅՈՑ ՎԱՐՉԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Չկա ավելի վեհ ու պատասխանատու առաքելություն, քան խաղաղությունը պաշտպանելն ու նրա ամրապնդման համար միջոցների ձեռնարկումները` հանուն ներկա և գալիք սերունդների, հանուն պատերազմներից զերծ աշխարհի կառուցման:
Դարերի փորձը համոզում է, որ բռնակցված ցանկացած տարածք իր էթնիկ ազգաբնակչությամբ ու տերերով, որևէ բռնապետության ենթարկված լինելու պայմաններում առաջացնում է պայթունավտանգ իրադրություն: Ուստի, բռնապետությունից ազատագրումը մեծ դեր ունի տվյալ տարածաշրջանի խաղաղության և ժողովրդավարության սկզբունքների ներդրման համար:

    Առանձնակի նշանակություն ունեն իրական-պատմական ճշմարտությունների բարոյա-քաղաքական ընկալումները, դրանց ազդեցությունն ու ներգործությունը խաղաղության հաստատման և պահմանման գործնթացներում:

    Հաբեթյան Հայկի ժառանգ Սիսակից սերված Առանը, որ Հայոց Արևելից կողմում նշանակված էր կուսակալ և երկիրն էլ իր անունով կոչվում էր Առանք, հայտնի էր իր բարի, խաղաղասեր ու քաղցր բնավորությամբ, և արաբերենի ազդեցությամբ նրան կոչում էին "աղու", "Աղու Առան" ("Քաղցր Առան"), երկիրն էլ` "Աղու Առանք", որն արտասանելիս հնչում է որպես մեկ բառ` Աղուառանք: Ժամանակի ընթացքում դժվարահունչ առ-ը Աղուառանքի մեջտեղից սղվում է և մնում Աղուանքը:
Առանշահ նախարարական-թագավորական տոհմի հիմնադիր Աղու Առան տիրակալի առանձնահատուկ բարեմասնություրններն ու մարդկային հատկանիշները ներկայացնում է պատմահայր Մովսես Խորենացին, նրան բնութագրելով "այր անվանի, առաջինը բոլոր մտավորական և հանճարեղ գործերում", իսկ նրա տոհմը` "մեծ ու անվանի", որ ժառանգեց մինչև Կուր գետի վերին հոսանքը, ուր հայերեն խոսքի սահմանն էր - "զեզերբ հայկական խոսիցս" 1:

    "Առանի կառավարումով` Արցախի եւ Ուտիքի կողմերում ու յարակից տարածքներում եւս հաստատուեց մինչ այդ աւելի քան երեք հազարամեայ պատմութիւն ունեցող, ճշմարիտ աստուածապաշտութեան հոգեւոր ծնունդ` Հայկից սերող Հայկազունների արքայատոհմի շառաւիղը` Առանշահիկնեի տոհմը" 2:

    Դարեր շարունակ, Առանի ու նրա ժառանգների աստվածաշնորհ առաքելությունն է եղել` ստեղծարար և նեցուկ լինել Հայոց ազգային-պետական-մշակույթային արժեքներին, հոգևոր ավանդապահությամբ, քաղաքական ու ռազմական ինքնապաշտպանությամբ, կրթությամբ ու գթասրտությամբ անաղարտ պահել Հայկ նահապետից ճյուղավորված տոհմածառն ու հայի տոհմիկ` գենետիկ կերպարը:

    Մեծ նշանակության արժեք է ներկայացնում նրանց ժառանգական բարեպաշտությունն ու խաղաղասիրությունը, որոնք որպես բարոյական կատեգորիաներ, կրում էին նախ իրենք` Առանի տիրակալները, ապա հաստատում երկրում` քաջ գիտակցելով, որ հարազատ ժողովրդի նկատմամբ հոգատարությունն ու արդարադատությունը, օրենքի առաջ իրավահավասարությունն ու պատասխանատվությունը, ազգային արժեքների ստեղծումն ու պահպանումը, ուժեղ բանակը- հիմք են երկրի պաշտպանության, որով էլ` երկրում խաղաղության պահպանման: Իսկ ամենագլխավորը աստվածապաշտության և հայրենասիրության գաղափարով հայ սերնդի դաստիարակությունն է, որով ուղղորդվում էին Առանշահիկները:

    Ազգայնամոլության և շովինիզմի հասկացությունը այդպես էլ նրանց համար մնացին խորթ և անընդունելի: Դա է հավաստում նրանց տիրապետության տակ գտնվող տարբեր ցեղերի առկայությամբ իրավահավասարության պայմանների հաստատումն ի սկզբանե` խոհեմ և իմաստուն Առանից սկսած: Նրանք խաղաղությամբ ընդունում էին տարբեր ցեղերի մուտքը Առանք ու ժամանակի ընթացքում այդ հետամնաց ցեղերը յուրացնում էին քաղաքակրթության տարրերը, որով էլ պայմանավորված էր անկայուն տնտեսաձևեր:

    Առանցիները "բնակվում էին մի շատ բարեբեր տարածքում և իրենց երկիրը ոռոգելու համար նրանց որդեգրած համակարգը ավելի կատարյալ էր, քան Եգիպտոսի ու Բաբելոնի ոռոգման համակարգը" 3: Եվ բանկանաբար, ժամանակ առ ժամանակ, զանազան վայրի ցեղերի ներթափանցումը Առանք, ենթադրում է հետամնաց տնտեսաձևեր, որոնք և արգելք էին հանդիսանում երկրի տնտեսության օրինաչափ զարգացմանը:

    Ազգամիջյան, միջպետական և խաղարարար հարաբերությունների ներդաշնակ զարգացման, ժողովրդավար պետության կառուցման առաջընթացի ամենակարևոր գործոնը Աստծո կենսական ճշմարտության հաստատումն է երկրի վրա, որը պայմանավորված է` աշխարհաքաղաքական հարաբերություններում ազգերի ժառանգական առաքելությունների ու իրավունքների, քաղաքակրթությունների գիտակցված արժևորումներով:

    Առանշահերի պայծառ աստղաբույլի մեջ դժվար է առանձնացնել և գերապատվություն տալ հայրենասիրությամբ ու բարեպաշտությամբ իրար չզիջող հոգևոր ու աշխարհիկ տերերից որևէ մեկին, քանի որ յուրաքանչյուրն անձնուրաց նվիրվածությամբ է վարել իր իշխանությունը ` ելնելով ժամանակի քաղաքական իրավիճակներից: Պարզապես հարկ է նշել պետական-վարչական և մշակութային նշանակության բացառիկ անհատականությունների օրինակներ, որոնց մասին վկայությունները պահպանել են հայ և օտարազգի պատմիչները:

    ՈՒՌՆԱՅՐ ԱՐՔԱ, որն առաջինն ընդունեց քրիստոնեական մկրտությունն Առանում Գր. Լուսավորչից, երկրում հաստատեց կարգ ու կանոն, մերժեց կամայականությունն ու բարձրացրեց ճշմարտության գաղափարը, նրա խնդրանքով Լուսավորչի թոռ Գրիգորիսը ձեռնադրվեց Առանքի առաջին քրիստոնեա առաջնորդ: Ուռնայր արքային ժողովուրդը անվանում էր "տիրող լույսի որդի" 4 :

    428թ. վերացավ Արշակունյաց հարստությունը, 451թ. տեղի ունեցավ Ավարայրի հայ-պարսկական պատերազմը, որից հետո, Հայոց հողի վրա տիրեց բազմամյա անիշխանություն: Եվ V դարի 80-ականներից, հայոց Արևելից կողմում ստեղծվեց Հայկական պետական նոր միավորում ու վերականգնվեց Հայոց թագավորության մասնիկը` Առանշահիկ թագավորույունը` դառնալով Հայոց պետականության առանցքը: Այդ թագավորության գահակալն էր ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԸ (487-510թթ):

    Նա կառուցեց տարվա օրերի թվով եկեղեցիներ, վերացրեց Հայրենիքի հզորացմանը խանգարող երևույթները, ստեղծեց այն ՙՍահմանադրություն կանոնականը՚, որի 21 կանոններով ամրացավ պետականությունն ու երկրում հաստատվեց խաղաղություն:
Պետականություն և խաղաղություն, որի պահմանման համար անհրաժեշտ ազգային ինքնապաշտպանության միջոցներից ամենակարևորն օրենքի գերակայությունն է, հավատքի ուժը:

    Իր բարձր գիտակցականությամբ և իմաստնությամբ բարեպաշտ թագավորը "Սահմանադրության" կանոններով ընդգծված պահանջ էր ներկայացնում "աշխարհիկ տերերի պարտականություններն ու իրավունքները երկրի կառավարման և օրենքի պահպանման գործում" 5:

    Անզիջում դատ ու պատիժ կիրառելով երկիրը քայքայող աղանդների նկատմամբ, արդարադատ թագավորը հոգատարությամբ դպրոցներ էր բացում նաև այդ աղանդավորների՜ երեխաների համար, քանի որ երկրի ապագան ապահովելու միջոցը նա տեսնում էր հասունացող սերնդի կրթության ու աստվածապաշտ դաստիարակության մեջ:
    Այցելելով դպրոցներ, զբաղվելով ուսման հարցերով, թագավորն անձամբ էր ստուգում երեխաների հայերենի իմացությունը, սովորեցնում նկարչություն, տարբեր արվեստներ` շարունակելով իր նախնիների ազգային գործը:
    Վաչագան թագավորը մեծ պատասխանատվությամբ էր սկսել օտար հարստահարողների և տեղական իշխանների կամայականություններից քայքայված երկրի ղեկավարումը:

Հաջորդ էջ